Արտահանման դասընթաց` ՓՄՁ-ների համար
Նացիոնալ հյուրանոցում տեղի ունեցավ «Արտահանման շուկաների բացահայտում և ռազմավարություն» դասընթացը: Այն կազմակերպել էր Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնը` Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ-Entreprise Europe Network-EEN) նախաձեռնությամբ։ Հայաստանում ՁԵՑ-ի հյուրընկալող ...
Արտահանման դասընթաց` ՓՄՁ-ների համար

Նացիոնալ հյուրանոցում տեղի ունեցավ «Արտահանման շուկաների բացահայտում և ռազմավարություն» դասընթացը: Այն կազմակերպել էր Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնը` Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ-Entreprise Europe Network-EEN) նախաձեռնությամբ։ Հայաստանում ՁԵՑ-ի հյուրընկալող կազմակերպությունը Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնն է: ՁԵՑ-ի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց, թե ինչ հնարավորություններ են ընձեռում ՁԵՑ-ը և ԵՄ COSME ծրագիրը, որին Հայաստանն անդամակցել է այս տարվա սկզբից` ի դեմս Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի փորձագետ Անի Խանդամիրյանը մասնակիցներին ներկայացրեց ՁԵՑ գործունեության մանրամասները, հայկական բիզնեսի միջազգայնացմանն ուղղված գործիքակազմը և հարթակները: 
 
Դասընթացը վարեցին պրոֆեսիոնալ դասընթացավարներ Սիլվա Մեսրոպյանը և Ռուբեն Սարուխանյանը, ովքեր ունեն փորձառություն ինչպես դասընթացների, այնպես էլ արտահանման կազմակերպման խորհրդատվության վերաբերյալ։
 
Դասընթացի նպատակն է զարգացնել տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչների
արտահանման հմտությունները և կարողությունները` արտաքին շուկաներում արդյունավետորեն ներկայացնելու տեղական արտադրանքը։