
2021թ. մայիսի 25-ին Երևանում կայացավ իրազեկման միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների Եվրամիության երկրներ արտահանման գործիքների, ինչպես նաև օժանդակող ծրագրերի վերաբերյալ։ Մասնակիցներին ողջունեց «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Միջազգային համագործակցության և բիզնեսի միջազգայնացման ծրագրերի թիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անի Խանդամիրյանը, ով ներկայացրեց նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործառույթները և «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագրի կողմից տրամադրվող ծառայությունները։ Միևնույն հիմնադրամի Խորհրդատվական աջակցության ծրագրերի թիմի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը, հանդիսանալով «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ղեկավար, ներկայացրեց համանուն ծրագիրը։Նա խոսեց ծրագրի առավելությունների, թիրախ հանդիսացող ՓՄՁ-ների և մասնակցության ընթացակարգի վերաբերյալ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Արտահանում Եվրամիության երկրներ/առևտրի տեղեկատու և գրանցված արտահանողների համակարգը (ԳԱՀ/REX), ինչպես նաև գործող արտոնությունները (GSP+)։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ Մարիաննա Պողոսյանը ևս խոսեց գրանցված արտահանողների համակարգի մասին, ներկայացրեց թե ինչպես գրանցվել, ինչպես նաև բերեց որոշ վիճակագրական տվյալներ։ Արտահանման ապահովագրության գործիքները ներկայացրեց Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության հաճախորդների սպասարկման բաժնի պետ Մարիանա Վասիլյանը։ Միջոցառմանն առցանց միացավ և մասնակիցներին՝ «Մտավոր սեփականության օբյեկտները և ՓՄՁ-ները» թեմայով շնորհանդես ներկայացրեց իրավաբան, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների անդամ Հռիփսիմե Պապիկյանը: Միջոցառման ընթացքում հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։