Հին հայկական բաղադրատոմսերը` էկոլոգիապես...
Նելլի Ավետիսյանը մասնագիտությամբ դեղագետ է: Դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Ուսումնասիրել է ամբողջ աշխարհի համար արդիական համարվող խմելու ջրի հարցը և պարզել, որ մարդկանց օգտագործած դեղերի որոշակի մասը ջրի ...
Հին հայկական բաղադրատոմսերը` էկոլոգիապես մաքուր օճառների հիմքում

Նելլի Ավետիսյանը մասնագիտությամբ դեղագետ է: Դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Ուսումնասիրել է ամբողջ աշխարհի համար արդիական համարվող խմելու ջրի հարցը և պարզել, որ մարդկանց օգտագործած դեղերի որոշակի մասը ջրի միջոցով վերադառնում է նրանց: «Մի մասը մենք են սխալ օգտագործում և լցնում ջուրը, մյուս մասը չի յուրացվում օրգանիզմում: Այնուհետև այդ դեղերով հագեցած ջրով մենք ոռոգում ենք հողամասերը, ինչից հետո դրանք մեզ են վերադառնում բանջարեղենի և կանաչեղենի մեջ: Կամ անասունների կաթնամթերքի տեսքով, երբ կովերն ուտում են այդ ջրով ոռոգված դաշտերի խոտը»,- ասում է Ավետիսյանը:

Ուսումնասիրել են տարբեր վայրերում հավաքվող և վերամշակվող ջուրը: Սակայն ճշգրիտ ուսումնասիրություն անելու համար, պարզվել է, Հայաստանում  տեխնիկապես հնարավորություն չկա. բոլոր նյութերը հայտնաբերվում են նանոգրամների հետազոտության միջոցով: Սակայն Նելլի Ավետիսյանը չի ընկրկել: Նա անցկացրել է սեփական հետազոտությունը և պարզել, որ Հայաստանի ջրի մեջ ամենաշատը և ամենավնասակար նյութը որ հայտնվում է, տրիկլոզանն է: Այն, ըստ դեղագետի օգտագործվում է օճառի, լվացքի փոշու և այլ մաքրող միջոցների արտադրության մեջ:

Մաքուր օճառ ստեղծելու գաղափարն առաջացել է ինքնըստինքյան: «Ես հիմա երբ հիշում եմ, Ամերիկայում մի անգամ տեսա մի խանութ, որտեղ ներկայացված էր օճառների մի վահանակ: Ինձ ասացին, որ այնտեղ ներկայացված են մաքուր օճառներ: Ես սկսեցի սինթեզել այն մաքուր յուղերը, որոնք մենք օգտագործում ենք, որպեսզի ստանամ մաքուր օճառ»,- հիշում է Նելլի Ավետիսյանը: Առաջին փորձերը հաջող են ստացվում: Փոքր ծավալի մաքուր օճառ ստանալուց հետո Նելլի Ավետիսյանը մտածել է, թե ինչպես կարելի է այդ օճառներին ազգային` հայկական կերպար հաղորդել:

«Մտածեցի, որ կարելի է գնալ, ավանդական դեղատոմսեր գտնել, Մատենադարանում պրպտել. էստեղ իմ մեջ դեղագործն էլ խոսեց: Մտածեցի իսկ եթե ես օճառների մեջ դնեմ ինչ-որ դեղատոմս, որոնք մաշկային խնդիրներ էլ կլուծեն»,- պարզաբանում է դեղագետը: Որոնումները նրան տարել են դեպի 15-րդ դարի հայ գործիչ Ամիրդովլաթ Ամասիացու ձեռագրերը, որտեղ Նելլի Ավետիսյանը հայտնաբերել է օճառի բաղադրատոմս: Այդպես ստեղծվել է «Ամասիացի» օճառը: Հաջորդ օճառները ստեղծվել են Մխիթար Սեբաստացու և Մխիթար Հերացու բաղադրատոմսերով և նրանց անուններով:  «Հաջորդը մտածեցի նաև Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերի մասին, որպեսզի մենք այլևս չհպարտանանք Մեռյալ ծովի աղերով և այլ օգտակար հանածոներով: Օրինակ` ես հիմա կատալոգում ունեմ Կավճին անունով օճառ: Գեղարքունիքի ժողովուրդը կավճին է անվանում կավը, իսկ այդ օճառի հիմքում հենց այնտեղի կավն է: Կամ օրինակ` վանակատ հրաբխային ապարը, որը օդի հետ շփվելիս անմիջապես սառչում է: Ես ունեմ օճառ, որը սառը մեթոդով եմ ստանում և այն անվանեցի «Վանակատ»: Եվ ես ձգտում եմ, որ ամեն օճառ ունենա իր պատմությունը, մի փոքր պատմություն բերի անցյալից»,- բացահայտում է Ավետիսյանը: Նա իր նորարարությունների համար 2013 ապրիլի 5-ին ստացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակը` «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» անվանակարգում:

Ամբողջ արտադրանքը ստացվում է ձեռքի աշխատանքով: Նելլի Ավետիսյանը շեշտում է, որ չնայած ցանկանում է ընդլայնել արտադրությունը, բայց ձգտում է, որպեսզի պահպանվի ձեռքի աշխատանքը: Ասում է` ամբողջ յուրահատկությունը և առանձնահատկությունները ձեռքի աշխատանքի շնորհիվ են ստացվում:  Օճառների արտադրությունն արդեն գործում է երրորդ տարին անընդմեջ:  

Բարդություններ էլ կան: Դեղաբույսերը ՆելլիԱվետիսյանը կարողանում է հեշտությամբ գտնել: Սակայն եթերայուղերը ստիպված ներմուծում է ԱՄՆ-ից: Իրացման հարցում ևս կան բարդություններ: Օճառները ձեռքի աշխատանք են, ուստի չեն կարող էժան լինել: Այժմ Ավետիսյանն իր սպառողներին գտնում է վճարունակ խավի շրջանակում: Սակայն մտադիր է հետագայում Հայաստանում տարածել էկո օճառի օգտագործման գաղափարը: Դա ըստ նրա կստեղծի պահանջարկ, ինչն էլ կիջեցնի իր արտադրանքի գինը և ավելի մատչելի կդառնա մյուսների համար:

Չվախենալ: Դա այն խորհուրդն է, որ Ավետիսյանը տալիս է երիտասարդներին և նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց բիզնեսը: «Ես չվախեցա օրենքների անկատար լինելուց, խստությունից: Հիմա պետությունը պետք է օժանդակի և հպարտ կլինի, որ ազգային նման բրենդ ենք ստեղծել և զարգացնում: Իմ միակ մտավախությունն այն է, որ ես ստիպված չլինեմ օրենքների ավելի խստացման պատճառով դադարեցնել գործունեությունը»,- մտահոգվում է փորձառու գիտնական-գործարարը:

Ընտանիքում բոլորը դեղագետ և դեղագործ են. ամուսինը շատ է օգնում օճառների սինթեզման ընթացքում, որդու գիտելիքը ևս օգտակար է  լինում նոր օճառներ ստանալու գործում: Ասում է` երբ ընդունվել է դեղագործական ֆակուլտետ, չի մտածել, որ այսօր կզբաղվի այդ գործով: Սակայն ըստ Ավետիսյանի Աստծո նախախնամությամբ համալսարանական գիտելիքն այսօր ընկած է նոր արժեք ստեղծելու հիմքում:

Ապրիլ, 2013թ.