Հայկական ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտոարշավ
   Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և  Ձեռնարկությունների եվրոպական ցանցի աջակցությամբ իրականացվեց «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» նախաձեռնությունը։     2015 թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունները ներկայացրեցին «Հայաստանում արտադրված բարձր տեխնոլոգիաներ» ...
Հայկական ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտոարշավ
   Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և  Ձեռնարկությունների եվրոպական ցանցի աջակցությամբ իրականացվեց «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» նախաձեռնությունը։ 
   2015 թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունները ներկայացրեցին «Հայաստանում արտադրված բարձր տեխնոլոգիաներ» ապրանքանիշը հենց  ՏՀՏ առաջին եվրոպական ավտոարշավի ընթացքում։
Պատվիրակությունը բաղկացած էր բարձրագույն տեխնոլոգիաներ ներկայացնող  24 հայկական ընկերություններից, որոնք Երևանից ավտոբուսով մեկնեցին ու շրջեցին եվրոպական մի շարք քաղաքներում։ 
   Ծրագրի նպատակն էր եվրոպական ՏՀՏ ներկայացուցիչների հետ կապերի, համագործակցության հաստատումը, փորձի և գիտելիքների փոխանակումը՝ Հայաստանում ներդրումային հնարավորությունների ապահովման, համատեղ նախագծերի և ծրագրերի մշակման, իրականացման համար:
Հայկական ՏՀՏ ընկերությունները ցանկանում էին գտնել նոր բիզնես գործընկերներ Եվրոպայում,  այդ իսկ պատճառով ավտոարշավի կազմակերպիչները դիմեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների աջակցությանը՝ Ձեռնարկությունների եվրոպական ցանցով գործընկերներ որոնելու նպատակով։
Բանակցությունների արդյունքում կազմակերպվեցին և իրականացվեցին  հետևյալ համագործակցության հաստատման միջոցառումները․
  • Ընկերությունների առաքելություն  Պրահա (Չեխիա) , հոկտեմբերի 13, 2015թ.:
  • Համագործակցության հաստատման միջոցառում  Կատովիցեում (Լեհաստան), հոկտեմբերի 14, 2015թ․։ 
  • Ընկերությունների առաքելություն Բրյուսել (Բելգիա), հոկտեմբերի 19, 2015թ.։
 
 Այսպիսով, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը ոչ միայն աջակցեց ՏՀՏ ընկերություններին եվրոպական գործընկերներ գտնելու հարցում, այլ նաև ներկայացրեց Հայաստանի ՏՀՏ ոլորտը, զարգացման ներուժը և այդ ոլորտի հետագա զարգացման ռազմավարությունը: 
 Միջոցառումը օգտակար եղավ նաև եվրոպական ընկերությունների համար, որոնք բացահայտեցին Հայաստանի ՏՀՏ ոլորտի առավելությունները և գտան նոր բիզնես հնարավորություններ։
 Արդյունքում  այս համագործակցության հաստատման միջոցառումներին հայկական 24 ՏՀՏ ընկերություններ ունեցան 151 հանդիպումներ և շուրջ 20 նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին հետագա համագործակցության համար։